Նպատակ | Սիսիան համայնքի 2023-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը ներառում է այն հիմնական ուղղությունները, որոնց վրա առաջիկա հինգ տարում պետք է սևեռված լինի համայնքային իշխանության ուշադրությունը: Դրանք են համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը, անվտանգային խնդիրները, քաղաքացիական պաշտպանության միջոցառումները, զարգացման ուժեղ և թույլ կողմերը: Մեր տեսլականն է Սիսիան խոշորացված համայնքը դարձնել բարեկարգ ենթակառուցվածքներով, գրավիչ և հարմարավետ պայմաններով, ներդրումների և գործարարության համար նպաստավոր միջավայրով բնակավայր: Մեր տեսլականը իրագործելու համար անհրաժեշտ է հետևողականորեն լուծել համայնքի բոլոր հիմնախնդիրները՝ պահպանելով առաջնահերթությունները, ապահովելով բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում: Հետպատերազմական իրավիճակը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում անվտանգային հիմնախնդիրներին, քաղաքացիական պաշտպանությանը, բնակչության իրազեկվածության բարձրացմանը: Առաջիկա հինգ տարիներին համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում է լինելու ոռոգման և խմելու ջրի համակարգի հիմնանորոգման և նորով փոխարինելու, համայնքում էներգոարդյունավետության բարձրացման ծրագրերի, զբոսաշրջային գրավչության, հանրային տրանսպորտի գործարկման, քաղաքացիական պաշտպանության, համայնքային շենքերի և շինությունների բարոյական և ֆիզիկական մաշվածության, բազմաբնակարանային բնակելի շենքերի և տանիքների նորոգման, աղբահանության, համայնքի մշակութային և մարզական կյանքի ակտիվացման հիմնախնդիրները: Սիսիան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել համայնքի բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները, կատարվել են այցելություններ համայնքի բնակավայրեր, խորհրդակցություններ են հրավիրվել համայնքում գործող ՀԿ-ների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների հետ: Հավատացած եմ, որ համայնքային իշխանության շահագրգիռ կողմերի և հասարակության լայն շերտերի միջև համագործակցության և բարձր ընկալման շնորհիվ ունենալու ենք լուրջ առաջընթաց և անվտանգ ու ապահով Սիսիան համայնք: |