Ուղտասար /Ուխտասար
Մարդիկ կան, որ սարը կապում են կենդանու հետ և պնդում, որ ճիշտը ՈՒղտասարն է, մյուսները պնդում են, որ ուղտ կենդանին անվան հետ որևէ կապ չունի, տարածքը եղել է ուխտատեղի այդ պատճառով էլ անվանել են ՈՒխտասար:
Առաջին հայացքից դժվար է կողմնորոշվել: Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ), որի ափին ժայռապատկերներն են, գտնվում է ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճից արևմուտք գտնվում է այսպես կոչված Ուղտասարը, այն սարը որը նման է ուղտի սապատների: Լճից դեպի արևելք գտնվում է Ծղուկը, որին նույնպես Ուխտասար են ասում: Ըստ էության այստեղ ճիշտ ու սխալ չկա, քանի որ երկու տարբերակներն էլ կարող են ճիշտ լինել, բայց դժվար է մութ սենյակում փնտրել սև կատվին, մանավանդ որ կատուն սենյակում չի:
Սիսիանի տարածաշրջանի քարքարոտ, լեռնային լինելը մեծապես պայմանավորված է այստեղ տեղի ունեցած հրաբուխներով։ Դրանց արդյունքը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք տարածվող Սյունիքի բարձրավանդակն է (120կմ երկարություն, հյուսիսում՝ 50կմ լայնություն), որը Հայաստանի հրաբուխների մեջ առանձնանում է որպես առանձին հրաբխային շրջան։ Այս բարձրավանդակի հրաբուխների զգալի մասը տեղակայված է Իշխանասար (3550) և Ծղուկ (3584 մ) հրաբխային լեռնագագաթների շրջանում՝ կազմելով հրաբխային լեռնազանգվածներ։ Այս լեռնազանգվածների շրջանում հանդիպում են խառնարանային լճեր, ինչպես նաև փոքր ու փակ գոգավորություններ, որոնցից շատերը վերածվել են լճերի։ Հատկապես հայտնի են Իշխանասարի վրա Սև լիճը, Ծղուկի մոտակայքում՝ Ուղտասար լիճը։
Ուխտասարը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս՝ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, Սև և Ալ լճերի միջև ընկած տարածքում: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանցանելի է և հասանելի է միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայտնաբերվել է 1968 թվականին: Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել:
Ուխտասար լեռնազանգվածը՝ իր ամենաբարձր Ծղուկ գագաթով ունի շատ գրավիչ ու հետաքրքրաշարժ բնական լանդշաֆտ։ Բնական լանդշաֆտը ներկայանում է նախկինում այստեղ գործած բազմաթիվ հրաբուխների հետքերով: Ամենից հայտնին և երիտասարդը Նազելի կոչվող հրաբուխն է։ Այն ևս հնարավոր է տեսնել այս նույն ուղղությամբ բարձրանալիս։ Այն գտնվում է ծովի մակարդակից 2800-2900 բարձրության վրա, որտեղից սկսվում է ժայռապատկերների գոտին։ Անունը կապված է լավայի հոսքից առաջացած քարացրոնների (չինգիլների) հետ, որոնք հիշեցնում են կանացի երկար վարսեր։ Այն գործել է մինչև Ք․ա․4-րդ հազ․վերջ - 3-րդ հազ․սկիզբ։ Գարնանը ձյան հալոցքի հետևանքով Նազելի հրաբուխից առաջացած քարակույտերով ջուր է հոսում՝ վերածվելով գետի հունի։
Ուխտասարը նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ:
Պատկերում են մարդկանց հիմնականում որսի , աշխատանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի և ընտանի կենդանիների, ծիսական պարերի, պաշտամունքի և ծիսական պատկերացումների հետ աղերսվող տեսարանների, երկնային լուսատուների, հատկապես արևի սիմվոլների, կոսմիկական այլ մտահղացումներ, քիչ չեն նաև անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են , որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով և հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները:
Կենդանատեսակներից ժայռապատկերների վրա հանդիպում են բեզոարյան ուղղաեղջյուր և գալարուն եղջյուրներով այծ, մուֆլոն, եղջերու, բիզոն, ձի, վարազ, շուն, գայլ, շնագայլ, հովազ, արջ, առյուծ։ Քարաբեկորներից մեկի վրա պատկերված է փախչող այծի քանդակը, որի եղջյուրի վրա ոստյունով հասել և կանգնել է հովազը։ Այծերի պատկերները գերակշռում են ժայռապատկերներում։ Պատահական չէ, որ տեղացիները ժայռապատկերներին անվանում են «իծագրեր» (այծի գրեր)։ Կենդանինեը հիմնականում հանդիպում են որսի տեսարաններում։ Որսորդները պատկերված են կամ առանձին կամ խմբերով՝ կենդանիներին շուրջկալելու, քշելու կամ հետապնդելու պահին։ Հատկապես շատ են բեզոարյան այծին որսալու պատկերները։ Կարելի է նկատել որսորդության գործիքներ՝ թակարդ, ծուղակ, ցանցեր, նետ ու աղեղ։ Հատկապես աչքի է ընկնում մի ժայռապատկեր, որի կենտրոնական մասում քանդակված է արու եղջերու՝ գեղեցիկ կեցվածքով, լայնատարած եղջյուրներով։ Այս կենդանու վրա չորս կողմից հարձակվել են նիզակներով զինված որսորդներ և թռիչքի մեջ որսորդական շունը, որը բռնել է եղջերուի պոչից։ Ժայռապատկերների մեջ ցանկացած պատկերի կողքին կա մարդու պատկերը։ Մարդը պատկերված է կամ որսի գործիքներով, օրինակ նետ ու աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետ արձակելիս, նիզակով զինված, պարանը ձեռքին, հաճախ որսած կենդանին՝ այծը, ձեռքերով գլխից վեր պահած։ Մի շարք քարերի վրա պատկերված է մարդու ու գազանի հանդիպումը․ օրինակ հոզավի ու մարդու մենամարտը։ Այս պատկերներում տեսնում ենք մարդուն կամ գազաններից հոտը պաշտպանելիս կամ որպես սնունդ այդ նույն գազաններին որսալիս։
Շատ հաճախ կարելի է տեսնել տարբեր վայրի ու ընտելացված կենդանիներ միասին պատկերված։ Օրինակ, մանր եղջերավոր անասունների հոտ է պատկերված, հովիվն ու հոտապահ շունը կողքին, մի փոքր հեռու՝ բեզոարյան այծեր։ Շատ են հանդիպում պատկերներ, երբ շունը պաշտպանում է այծերի հոտը գիշատիչ կենդանիներից, օրինակ առյուծից։
Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են , որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները:
Շատ զբոսաշրջիկների համար Ուխտասար բարձրանալու վերջնակետը Ուղտասարի գեղատեսիլ լճակն է (հայտնի է նաև Ուղտալիճ, Ծղուկի լիճ անուններով), որը գտնվում է ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Նախկինում կար կարծիք, որ այն խառնարանային լիճ է, սակայն վերջին հետազոտությունները խոսում են դրա սառցադաշտային լիճ լինելու օգտին, ինչը նշանակում է, որ դրա ծագումը կապվում է վերջին սառցադաշտի ժամանակաշրջանի ավարտի հետ: Լճի ափամերձ տարածքում կարելի է տեսնել քարերի կույտեր կամ չինգիլներ, որոնց ողորկ մակերեսի վրա էլ հանդիպում ենք ժայռապատկերների։ Լճի կողքին մի փոքր բարձր բլուրների վրա կանգնելով՝ հնարավոր է տեսնել Սիսիան քաղաքը և շրջակա բնակավայրերը։ Հրաբխային զանգվածում առաջացած խառնարանները և՛ ջրով են լցվում՝ վերածվելով լճակների, և՛ հանդիսանում են ջրի ակունքներ։ Ուստի, ջուր խմելու նպատակով այստեղ նաև գալիս են շատ կենդանիներ: Հաճախ նկատվող կենդանիներից են հատկապես արջերն ու քարայծերը։ Իսկ ընդհանրապես այստեղի հիմնական կենդանատեսակներն են արջը, քարայծը, գայլը, հովազը։ Հետաքրքրական է, որ ժայռապատկերները ուշադիր զննելիս այս կենդանիների պատկերները կարելի է գտնել նաև քարերի վրա։
Ուխտասարի ժայռապատկերների մասին խորհրդային շրջանում արված հետազոտության արդյունքերը ամփոփել են հնագետներ Գ․ Կարախանյանի և Պ․ Սաֆյանի հեղինակությամբ 1970 թ․ հրատարակված «Սյունիքի ժայռապատկերները» աշխատության մեջ ։ Վերջին տարիներին համակարգված ուսումնասիրություն արվել է 2012-2016թթ հայ-գերմանական հնագետների համագործակցությամբ, որի ընթացքում հայտնաբերվել են ժայռապատկերների նոր գոտիներ։
1968թ Ուխտասարում արդեն հայտնաբերվել և ուսումնասիրվել էին ավելի քան 2000 ժայռապատկերներ։ Դրանք գտնվում են ամառային արոտատեղիներում, ջրամոտ տեղերում, լճակների բոլորքը և հարթավայրերում։ Դրանց մեծ մասը հնարավոր է տեսնել լեռը բարձրանալիս, հատկապես Ուխտասարի լճի հարևանությամբ։ Վերջին տարիների հետազոտությունների շնորհիվ ժայռապատկերների երկու մեծ գոտի հայտնաբերվեց, որոնք տեղակայված են Ուխտասարի լճից ավելի ցածրադիր վայրերում։ Նազելի հրաբուխի շրջակայքից (2800-2900մ) գտնվեցին և ուսումնասիրվեցին շուրջ 1200 ժայռապատկերներ։ Մի փոքր բարձրադիր հատվածում՝ Սեպասար լեռան շրջակայքում, հալոցքներից առաջացած լճի մոտ գտնվեցին 2220 ժայռապատկերներ ևս։ Ժայռապատկերները թվագրվում են Ք․ա․5-2 հազարամյակներում։ Փաստորեն, մարդկության պատմության այս հնագույն շրջանում, այս տարածքում մարդիկ են բնակվել։ Ենթադրվում է, որ այս տարածքը գրավել է քոչվոր անասնապահությամբ ու որսորդությամբ զբաղվող ցեղերին, որոնք ամռան ամիսներին իրենց անասուններին պահել են արոտավայրերով և փոքր լճերով ու գետերով հարուստ լեռնալանջերին։
Ուխտասարի տարածքում հնագետները դեռևս անցած դարի կեսերին հայտնաբերել են Կիկլոպյան ամրոցի և այլ կացարանների մնացորդներ, որոնք վկայում են այստեղ մարդկային բնակության մասին։ Ենթադրվում է, որ այդ բնակությունը երկարատև չի եղել, տարվա 4-5 ամիսներին միայն, քանի որ տարվա մնացած ամիսներին տարածքը պատված է ձյան շերտով։ Պատկերները արված են հարթ մակերեսով, դարչնագույն կամ սև քարաբեկորների վրա, որոնք ինչպես նշվեց վերևում կամ առաջացել են լավայի հոսքի կամ սառցահողմնահարման և տեղափոխման արդյունքում։
Այլ կերպ ասած՝ ժայռապատկերներում արտացոլված է նախնադարյան մարդկանց առօրյա սոցիալ-տնտեսական և ծիսական ու երևակայական աշխարհը։
Հատկանշական է, որ հուշարձանն ուսումնասիրող հնագետների խումբը վերջին հետազոտությունների արդյունքում եկել է այն կարծիքին, որ այստեղ ժայռապատկերները բացի այն բանից, որ արտացոլում են իրական ու նաև տոտեմների պատկերներ, կարող են կապված լինել շամանիզմի հետ: Նման եզրակացության պատճառը այծերի գերակշռող քանակն է, որը կազմում է ողջ պատկերաքանդակների 60 %-ը: Իսկ շամանիզմը կապված է հենց տիեզերքի առասպելաբանական մեկնաբանությունների հետ:
Karin´s B&B
Ք. Սիսիան, Հովնան Որոտնեցի 19Կարինե Դավթյան
+37493262533ühttps://www.facebook.com/Karins-BB-451629211978422/
ԲԱՍԵՆ
Ք․ Սիսիան, Արամ ՄանուկյանՀասմիկ Ասատրյան-Ազոյան37493434727ü https://www.facebook.com/Basenhotelandtours
ԼԱԼԱՆԵՐ
Ք․ Սիսիան, Սիսական 29Ռոբերտ Վասիլյան +37491481606ühttp://www.lalahotel.am
ԴԻՆԱ
Ք․ Սիսիան, Սիսական 35Նունե Լալազարյան37493334392ühttp://dinahotel.am
MJA ՌԵԶՈՐԹ
Ք․ Սիսիան, գյուղ Հացավան, Գետափնյա թաղ. 1Արմեն Մարգարյան37477280229ühttps://www.facebook.com/ResortMJA
ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ B&B
ք․ Սիսիան,Նելսոն Ստեփանյան 29բ շենքՍուրեն Վարդանյան37493988809üՖեյսբուքյան էջ
ԱԶՈՅԱՆ ՀՈԼԻԴԵՅ ՌԵԶՈՐԹ
Ք․ Սիսիան, գյուղ ՇաքիՄհեր Ազոյան37493201728üՖեյսբուքյան էջ
ՖԼՈՐԱ
Ք․ Սիսիան, Գայի փող. 1 շենքԱմիրխանյան Սամվել, Խուդավերդյան Գայանե+37494104142, +37477414277ühttps://www.facebook.com/flora.hotel.7
ՄԱՆՎԵԼԻ ՄՈՏ ԷԿԿՈ ՍՆՈՒՆԴ
Ք․ Սիսիան, Շաքի խճուղիՄանվել Սողոմոնյան+37493770040
ühttps://www.facebook.com/MANVELSECOFOOD
ՀՅՈՒՐԱՆՈՑ ՖԼԱՄԵՆԿՈ
Նարինե Խաչատրյան
Որոտան 1/1
+37494609040
ühttps://www.facebook.com/pg/flamencocafe/photos/?ref=page_internal
ՈՐՈՏՆԱՎԱՆ ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ
Ալիկ Ավետիսյան
Որոտնավան բնակավայր 9/1
+37477561577
ühttps://www.facebook.com/vorotnavan.resort
ՇԱՄԲ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Արմեն Հարությունյան
Շամբ բնակավայր 1/35
+37493955952
üՖեյսբուքյան էջ
ՄԱՍՐԵՆԻ ՌԵՍՏՈՐԱՆ
Արտեմ Սարգսյան
Դարբաս բնակավայր
+37498662266
Ani B&B & CAFE
Ք. Սիսիան, Սիսական 42 1/2Սևադա Գասպարյան
+37498441711ühttps://www.facebook.com/ANI-BB-CAFE-100792341758257
Runada B&B
Ք. Սիսիան, Գ. Առուստամյան 28Վարդան Իվանյան
+37493590490ühttps://www.facebook.com/BBinSisianArmenia/photos/?ref=page_internal
ԱՂԻՏՈՒԻ ՔԱՐԱՆՁԱՎ
Որոտանի կիրճում գտնվող Աղիտու գյուղի մոտակայքի քարանձավներից մեկում պեղումների արդյունքում հայտնաբերվել են վերին քարե դարի ժամանակաշրջանում կայծքարից ու օբսիդիանից պատրաստված քարե գործիքներ: Ըստ հնագետների, մարդիկ այս քարանձավներում բնակվել են 40-26 հազար տարի առաջ: Դրանք եղել են քարեդարյա որսորդների կացարաններ: Ենթադրվում է, որ նրանք այստեղ բնակվել են ամառային սեզոններին: Քարանձավները շատ հարմար են եղել բնակության համար: Դրանք հարմար են եղել ինչպես վայրի գազաններից պաշտպանվելու, այնպես էլ հաջողությամբ կերակուր հայթայթելու համար: Որոտան գետի կիրճը հարուստ բուսականություն ունի, որոնց մեջ շատ են եղել նաև ուտելի բույսերը: Միևնույն ժամանակ քարանձավները գտնվել են գետի մոտ, մի փոքր բարձր դիրքում և հարմար են եղել ձկնորսության ու որսորդության համար: Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ քարանձավի բնակիչները որսացել են ձիեր ու սմբակավոր կենդանիներ: Այսինքն տարածքը շատ հարմար է եղել որսորդությամբ զբաղվելու համար, քանի որ Որոտան գետի ափերի առատ բուսականությունը գրավել է խոտակերներին, որոնք այստեղ եկել են ջուր խմելու ու արածելու նպատակով: Քարանձավների բարձր դիրքը հարմար է եղել նաև տեսադաշտ ունենալու, իսկ կիրճի նեղլիկությունը որսը դարանակալելու ու հաջող որս անելու առումով:
ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ
Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Այն ունի մի քանի անվանում Զորաց քարեր, Դիք-դիք քարեր, Քարահունջ: Դեռևս Խորհրդային տարիներին այս հուշարձանի տարածքում արված նախնական պեղումների նյութերի հիման վրա այն թվագրվել էր Ք.ա. 3-1-ին հազարամյակով և եզրակացություն է արվել, որ դա բրոնզեդարյան ժամանակաշրջանի դամբարանադաշտ է: Սակայն, քանի որ սկզբնական պեղումները համալիր բնույթ չեն ունեցել, այս կարծիքը մեծ հնչեղություն չի ստացել:
Մեգալիթյան այս հուշարձանն իրենից ներկայացնում է մոտ 7 հեկտար տարածքում սփռված, հողի մեջ ուղղահայաց կանգնեցված 223 քարերից կազմված մենհիրների դաշտ: Քարերն անտաշ են, բազալտից, չափերը տատանվում են 0.5-2.5 մետրի միջակայքում: Դրանցից մեծերը ունեն մինչև տաս տոննա քաշ: Քարերից 84-ի վրա բացված են մոտ 4-5 սմ տրամագծով անցքեր: Անցքերը ներսից հղկված են: Քարերի հիմնական մասն ունի հյուսիսից հարավ ձգվածություն, որը կազմում է շուրջ 250 մետր երկարություն: Հուշարձանում կան նաև բազմաթիվ դամբարաններ և դրանց մոտ տանող անցուղիներ: Հուշարձանի կենտրոնական մասում առկա է քարերի շրջանաձև դասավորությամբ մի մեծ դամբարան, որը համարվում է գլխավորը:
Հուշարձանի մասին կան տարբեր կարծիքներ: Հնագետները գտնում են, որ այն հիմնադրվել է ուշ բրոզենդարյան շրջանում և իրենից ներկայացնում է բնակատեղի՝ կից դամբարանադաշտով: Հուշարձանն ուսումնասիրած մի շարք ֆիզիկոսներ և աստղագետներ էլ այն կարծիքին են, որ այս հուշարձանը եղել է անգլիական Սթոունհենջի նմանօրինակ պաշտամունքային կենտրոն, որը նաև ծառայել է որպես հնադարյան մարդու աստղադիտարան:
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Սուրբ Գրիգոր եկեղեցին հայտնի է նաև Սյունի վանք անունով: Այն գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, Սուրբ Գրիգոր եկեղեցին հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք։ Եկեղեցին VII դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ն (670-689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ։ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վանքերից երրորդը։
Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Գմբեթի տասներկունիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ խոյակների վրա։
Գմբեթի քիվին չորս ավետարանիչների դիմապատկերներն են՝ քանդակված մինչև գոտի, աջ ձեռքը վեր բարձրացրած (անունները փորագրված են ներքևում)։ Արմ. ճակատին Հովհաննես եկեղեցապանի խիստ եղծված հարթաքանդակն է։ Ներսում, գմբեթի կիսաոլորտի ներքևի մասում Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վանականի պատկերաքանդակներն են, որոնք աչքի են ընկնում ընդգծված անհատականությամբ։ Սյունյաց վանքի սուրբ Գրիգոր եկեղեցու քարերին շինարար վարպետների նշաններն են՝ մեծ մասամբ անվան սկզբնատառի ձևով։ Սյունյաց վանքը վերանորոգվել է 1959-61 թվականներին։
Միջնադարում, զավթիչների ասպատակումների հետևանքով, շրջակա բնակավայրերը ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը։ Այդ պատճառով տեղացիներին այն ավելի հայտնի է Ս.Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանագրության հիման վրա։
ՊՈՐՏԱՔԱՐ
«Սիսիանից Գորիս տանող խճուղու աջ կողմում, մի քարոտ հրապարակի մեջտեղում դուրս է ցցված պորտանման քար։ Այդ քարի մակերեսը, ինչպես և նրա շուրջը եղած հրապարակը ողորկված են բազմաթիվ հաճախորդների այցելությունից։ Ժամանակին, անշուշտ նա ավելի բարձր է եղել, իսկ այժմ միայն այդ ամբողջական ֆալոսի խղճուկ մնացորդն է պահպանվել, որի վրա անցյալում չբեր կանայք, պորտով պառկելով, շուռումուռ են եկել, այն հաստատ հավատով, որ այդ քարի զորությամբ անպատճառ կհղիանան և զավակ կունենան։ Պորտի վրա պտտվելուց հետո կանայք երկաթե մեխեր էին ցցում քարին՝ իրենց ցավը դրան ամուր գամելով։ Հենց այդ երկարատև արարողությունից քարը մաշվել՝ ողորկվել է» ։ Ժողովրդի շրջանում հայտնի պորտաքարը, որը մինչև այսօր գտնվում է նշված տեղում, գրավոր և բանավոր այլ աղբյուրների համաձայն շարունակել է մնալ հատուկ ծիսակատարության առարկա խորհրդային տարիներից մինչև այսօր։ Շատերը այն նմանեցնում են գլուխը վեր բարձրացրած գորտի, որը հայկական հնագույն հավատալիքներում խորհրդանշել է պտղաբերություն։
ՇԱՔԻ ՋՐՎԵԺ
Շաքի ջրվեժը ջրագրական բնության հուշարձան է: Գտնվում է Սիսիանում, Որոտան գետի ձախակողմյան՝ Շաքի վտակի վրա: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։
Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք: Բարձրությունը 18մ է։
Ջրվեժի անունը կապվում է մի աղջկա հետ, որին վերաբերող ավանդազրույցը տարածված է նաև տեղացի տարեց բանասացների մեջ: Ըստ այդմ, Հայաստանի վրա հարձակված թշամիները 93 երիտասարդ աղջիկներին այստեղով տանում են իրենց առաջնորդի մոտ: Երբ հասնում են ջրվեժին, աղջիկները խնդրում են իրենց առևանգիչներին թույլ տալ լողանալ, մաքրվել, որպեսզի գլխավորին ներկայանալուց առաջ մաքուր ու գեղեցիկ տեսք ունենան: Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով՝ փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Վաղատինը միջնադարում եղել է գրչութայն կենտրոն: Այստեղ ապրել և ստեղծագործել է ժամանակի մեծ մտածող Հովնան Որոտնեցին: Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու ՛՛ Գիրք առաքինությանց՛՛ աշխատությունը: Գյուղի շրջակայքում գտնվող նշանավոր պատմական հուշարձանը Որոտնավանքն է:
Որոտնավանքը, որը հայտնի է նաև Վաղատնի վանք անունով, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ – արևելք ՝ Որոտան գետի կիրճի եզրին: Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի ՝ Որոտնավանքի հնագույն ՝ Սբ Գրիգոր միանավ եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, վերակառուցել ՝ Հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի: Սյունաց Սմբատ թագավորի հրամանով Շահանդուխտ թագուհին Սբ Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000թ-ին կառուցել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնել մեծաթիվ միաբանությամբ վանք ու ագարակ նվիրել: Շահանդուխտի կրտսեր որդին ՝ Սյունաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան, Որոտնավանքի արևելյան կողմում 1006-ին կառուցել է Սբ Կարապետ եկեղեցին և նրան արևմուտքից կից՝ կամարակապ գավիթ-սրահը , որի բակում կանգնեցված է եղել հուշասյուն ՝ Տաթևի հուշասյուն –գավազանի նման, բայց քիչ փոքր: Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում: 13-րդ դարի 70- ական թթ. նորոգվել է Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: 1315-ին Բուրթել և Բուղդա Օրբելյան իշխաններն այցելել են Որոտնավանք, նվիրել այգիներ , գյուղեր, միջոցներ տրամադրել վանքի նորագման համար:
Որոտնավանքը գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը: 1931թ-ին երկրաշարժիչ ավերվել է , քանդվել են սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Սիսիանի պատմության թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը։ Այն հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993 թվականին ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ։ 1997 թվականին թանգարանում սեփական ցուցանմուշներով դրվել է առաջին ցուցադրությունը։ Թանգարանը տեղակայված է 1937 թվականին կառուցված, 1988 թվականին հիմնավերակառուցված շենքում։ Թանգարանի ֆոնդերում պահվում են միայն Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ։ Թանգարանը գործում է ՀՀ մշակույթի նախարարության կազմում։ Թանգարանի մուտքի առջև է գտնվում Նիկողայոս Ադոնցի հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան)։ Թանգարանի Ֆոնդերը ձևավորվել են հիմնադրման օրից և ներկայացնում են միայն Սիսիանի տարածքը։ Ֆոնդը կազմված է երկու բաժնից՝ հնագիտություն և ազգագրություն. վերջինիս մեջ ներառված է նաև նումիզմատիկան, լուսանկարները, փաստաթղթերը, գրքերը և այլ նյութեր։ Ֆոնդը հիմնականում ձևավորվել է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութից։ Այն թանգարան է բերվել Զորաց Քարերի կայանատեղից, Աղիտու, Լոր գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից։ Ազգագրություն բաժինը ներկայացնում է Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը, նաև՝ լուսանկարները, փաստաթղթերը և այլն։ Իրենց անպաճույճ պարզությամբ դրանք մնում են եզակի - անկրկնելի և ցուցադրվում են նախնական տեսքով։ Թանգարանն ունի մշտական ցուցադրություն, կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, միջոցառումներ։ Դրանք նպատակ ունեն ներկայացնելու Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը այցելուներին։
ՈՐՈՏՆԱԲԵՐԴ
Որոտնաբերդը գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք` Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։
V դ. պատմիչ Եղիշեն Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։
Որոտնաբերդը այժմ ավերակ է։ Ունի հյուսիս-արևմուտք-հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև։ Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից (պահպանվել են երկշարք պարսպապատերի մնացորդները)։ Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը։ Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ։ Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը։ Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բերդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով։ Ուշագրավ են բերդի հարավարևմտյան մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 2մ բարձրությամբ)։ Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855 թ.) ։
ՇԱՄԲԻ ՄԱՐԳԱՐԻՏԿԱ
Այս ջրամբարից է սնուցվում Որոտանի կասկադի Հիդրոէլեկտրակայաններից Տաթևի հէկ-ը: Այն նաև ջրային հոսքերը կարգավորող դեր ունի և ուղղված է ջրահեռացումը ու ջրամատակարարումը կարգավորելու գործառույթին: Ջրամբարի երկարությունը 3.1 կմ է, խորությունը 38 մ: Ջրային հայելու մակերեսը 1.26 կիլոմետր քառակուսի:
Շամբի ջրամբարը բացի էներգաարդյունաբերական հիմնական նշանակությունից, ունի նաև ոռոգման դերակատարում: Շնորհիվ այս ջրամբարի ոռոգելի են դարձել շուրջ 5000 հեկտար հողատարածություն: Կարելի է ասել, որ այս ջրամբարը տարածաշրջանի զարգացման համար առանցքային դերակատրման շինություն է, քանի որ բացի իր արդյունաբերական նշանակությունից ունի նաև գյուղատնտեսական լուրջ նշանակություն:
Այս ջրամբարը հայտնի է հատկապես իր ծաղկի տեսքով կառուցված ջրահեռացման հորերով, որին տեղացիները տվել են «Մարգարիտկա» անվանումը: Շամբի ջրամբարը ինչպես և Սպանդարյանի ու Տոլորսի ջրամբարները կառուցված է ոչ ամայի տեղում: Ի տարբերություն նախորդ երկուսի այստեղ ոչ թե գյուղատեղին են թողել ջրի տակ, այլ՝ գյուղի այգիները:
ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ
Թանահատի վանքը գտնվում է Սիսիանի Արևիս գյուղի մոտ՝ լեռան լանջին: Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Թանահատի վանքը համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո)Սյունիքի վանքերի շարքում: Թանահատի վանքը առաջնորդվել է ճգնավորական մենաստանի կանոնակարգով. Միաբանները վանքի տարածքից դուրս չեն եկել, սնվել են հաց ու ջրով, միայն կիրակի օրերին ՝ բանջարեղենով ու ընդեղենով: Ղևոնդ Ալիշանը վանքի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու կառուցման թվականը համարում է 491-ը : Այն ունի միանավ, պայտաձև հատակագծով և ատամնաշարով զարդարված, շեշտված պայտաձև եզրակամարով (փլվել է 1979թ-ին) խորան, որից մուտք է բացվում դեպի հարավից կից ավանդատունը: Հարավից եղել է սյունասրահ , պահպանվել են բազմանիստ սյուների բեկորները, խարիսխները և խոյակները: 6-7 րդ դարերում նախնական փայտե ծածկը փոխարինվել է թաղով, որի համար երկայնական պատերին որմնամույթեր են կցվել: Վանքի արևմտյան կողմում փոքր գերեզմանոց է, որտեղ գտնվում է վանահայր Մխիթարի գետնափոր դամբարանը (ավանդաբար համարվում է բուժիչ հատկությամբ օժտված): 17-րդ դարի սկզբին վանքում են եղել Սյունաց Մեծ անապատի հիմնադիրներ Սարգիս եպիսկոպոսը և տեր Կիրակոսը: Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու ՝ Թանահատի վանքը ավերվել է 1658թ-ի ապրիլի երկրաշարժից: 1975 թ-ին վանքի փլատակների մաքրման և պեղման ժամանակ, հայտնաբերվել է բազալտի երկնիստ կոթող ՝ ուրարտական Արգիշտի Բ թագավորի (Ք. Ա. 714-685թթ) սեպագիր արձանագրությամբ (նիստերից մեկում հետագայում խաչ է քանդակվել), որը հայտնում է Ծուլուկի երկրի (Սյունիքի Ծղուկ գավառ) նվաճման մասին: Ենթադրվում է, որ Թանահատի վանքի տեղում դեռևս Ք. Ա. 1-ին հազարամյակից սրբավայր է եղել:
ԱՂԻՏՈՒԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ
Աղիտուի հուշակոթողը գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում: 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշակոթող է :Ըստ ավանդության հուշակոթողը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին։ Այն եռահարկ կառույց է։ Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները։ Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը։ Կոթողի տարբեր մասերը զարդարված են նռան , խաղողի , երկրաչափական , բուսական զարդաքանդակներով: Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել։ Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին։ 10-11-րդ դարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից։ Պահպանվել են գերեզմանատունը քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով։
ԱՐԶՈՒՄԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ
Արզումանի կամուրջը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում, Որոտան գետի մոտ, Դարբաս գյուղի տակ։ Կառուցվել է 1675թվականին Հայրապետ վարպետի ձեռքով։ Կառուցման մասին կա արձանագրություն։ Արզումանի կամուրջը միակամար գեղեցիկ հորինվածք է։ Կամարը շինված է սրբատաշ, իսկ օժանդակ մասերը կոփածո և բոլորովին անտաշ քարերով։ Կամրջի աջ ափը հենված է քարաժայռերի վրա, իսկ ձախը ցածր է եղել և բարձրացված է եղել արհեստական պատնեշով ու թմբով։
ՄԵԼԻՔ ԹԱՆԳՈՒ ԿԱՄՈՒՐՋ
Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք: Կառուցվել է 1855 թ. Որոտան գետի վրա հնամենի Որոտն իշխանանիստ գյուղի մոտակայքում, Սյունյաց մելիք Թանգիի կողմից: Կամուրջի շինարարության ժամանակ օգտագործվել է շրջակայքում եղած ավելի վաղ շրջանի ավերված եկեղեցու և գերեզմանատան քարերը: Կամուրջը գտնվում է անմիջապես Որոտնաբերդի քարաժայռի տակ: Վերջինս մեծ ամրություն և գեղեցկություն է հաղորդել կամրջին:
ՀՈՎՎԻ ՔԱՐ
Հուշարձանը գտնվում է Սիսիանից 6 կմ հարավ գտնվող Բռնակոթ գյուղի մերձակայքում: Այն շրջանաձև դասավորված ցցաքարերից մենհիրների կառուցված մենհիր է: Կենտրոնական մասում գավանաբար զոհասեղան է: Հուշարձանը ուսումնասիրված չէ, սակայն ակնհայտորեն այն մեգալիթյան կառույց է` Զորաց քարերի, Քարաբերդի կառույցների նմանությամբ: Նմանատիպ կրոմլեխներ հանդիպում են նաև Սիսիանի դամբարանադաշտում: Այս կարգի հուշարձաններ սփռված են Արևմտյան Եվրոպայում` գրեթե 900 հատ:
ՈՒՅԾԻ ՄԵԳԱԼԻԹՅԱՆ ԲՆԱԿԱՏԵՂԻ
Գտնվում է Սիսիան քաղաքի արևելյան սահմանների շարունակության վրա, Սյունի բերդի դիմաց, Որոտանի կիրճի աջակողմյան բարձրադիր հարթակինª Ույծ գյուղի հարևանությամբ: Այս զարմանահրաշ հուշարձանը գրեթե ուսումնասիրված չէ, մասնակի դիտումները և չափագրական աշխատանքները հանգեցրել են նախնական այն եզրակացություններին, որ Ույծի մատույցներից մինչև Աղիտու գյուղի շրջակայքը (մոտ 2-կմ) ընկած տարածության վրա հնագույն հսկա քաղաք է եղել, որը անընդհատ գոյատևել է Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակի կեսերը: Պահպանվել են բազմաթիվ կիկլոպյան շինությունների հետքեր, դոլմեններ, կրոմլեխներ, ցցապարիսպներª նման Զորաց քարերի ցից քարերին: Այս հուշարձանը իր չափերով գերազանցում է մինչ այսօր հայտնի նույն ժամանակաշրջանին վերաբերող ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի հուշարձաններին: Եվ դա խոսում է Սյունիքում հնագույն հզոր պետական կազմավորման գոյության մասին: Տեղացիները այս տեղավայրը անվանում են Սանգյառ` Քարաբերդ:
ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻՆ
1985թ. Դուրյան փող. ճարտարապետ` Արեգ Իսրայելյան, քանդակագործ՝ Վոլոդյա Մարգարյան
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1993 թ. ճարտարապետ` Մ. Համբարձումյան
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ «ԱՐԾԻՎ»
1975 թ. Շաքի - Սիսիան ճանապարհի աջ կողմում քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1975 թ. քաղաքի հյուսիսային եզրին, Սբ. Հովհաննես եկեղեցուց արևելք, բարձունքի վրա ճարտարապետ` Ա. Բաղդասարյան
ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԿԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1961թ. Դուրյան փող. քանդակագործ՝ Կ.Մեծատուրյան
ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2005 թ. քաղաքի մեջ քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2004 թ. քաղաքի կենտրոնում ճարտարապետ` Մ. Համբարձումյան, քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1993 թ. քարադարանի մոտ քանդակագործ` Ա. Հովսեփյան
ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1970 թ. գեղարվեստի դպրոցի դիմաց
ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2012թ. քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան
ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ 1988 Թ.ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1990թ. Սիսիան- Աշոտավան ճանապարհի խաչմերուկում
ԽԱՉՔԱՐ՝ՆՎԻՐՎԱԾ ԱՂՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Գտնվում է Երևանյան զբոսայգում
ՄՈՒՇԵՂ ԱԴՈՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2013թ.Գտնվում է Երևանյան զբոսայգում
ՀՐԱՆՏ ԱԴՈՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2013թ. Գտնվում է Երևանյան զբոսայգում
ՍԱՄՍՈՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1970-ական թթ. Բռնակոթ գյուղի մեջ
ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ՝ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1946 թ.Բռնակոթ գյուղի կենտրոնում
ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1950 թ. Բռնակոթ գյուղի մեջ
Կոմիտասի Հուշարձան
1975թ Բռնակոթ գյուղի մեջ
ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1972 թ. Աշոտավան գյուղի մեջ, բարձունքի վրա
1991Թ-ԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2006թ.Աշոտավան գյուղի մեջ
ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1972 թ Տոլորս գյուղի հյուսիսային եզրին, վարպետ` Խ. Գրիգորյան
1972թ. Բալաք գյուղի հյուսիսային եզրին, ճարտարապետ՝ Վ. Մնացականյան
Facebook
Location on Google Maps
YouTube