Այսօր՝ սույն թվականի հոկտեմբերի 9-ին, համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի բնակավայրերի մասնագետները։
Քննարկման թեման էր 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում եկամուտների հավաքագրման ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ինչպես նաև բնակավայրերում առաջացած ընթացիկ խնդիրները։
Կարևորելով եկամուտների լիարժեք և ժամանակին հավաքագրման անհրաժեշտությունը՝ համայնքի ղեկավարն ընդգծեց վարչական ղեկավարների և բնակավայրերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետների պատասխանատվությունը համայնքային միջոցների հավաքագրման գործում։ Իր խոսքում համայնքի ղեկավարը նշեց նաև, որ համայնքի ֆինանսական կայունության և զարգացման ապահովման համար վճռորոշ է եկամուտների ամբողջական և ժամանակին հավաքագրումը։
Մասնակիցները ներկայացրեցին բնակավայրերում առաջացած տեղային խնդիրները, կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Քննարկվեցին նաև բնակավայրերի առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին խմելու ջրի ու ոռոգման ցանցերին, իսկ որոշ տեղերում էլ` դրանց բացակայությանը, միջգյուղական ճանապարհների հարթեցմանն ու լուսավորության ցանցերին, վարչական շենքերի բարեկարգմանն ու աղբահանությանը։ |