ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
2012-2016թթ.. ընթացքում Սիսիանի համայնքային բյուջեն նկատելի աճ է արձանագրել:
2012թ. բյուջեն եկամուտների գծով կազմել է 290 մլն 477.3 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 286 մլն 128.3 հազ. դրամ, 2015թ.-ին եկամուտների գծով՝ 422մլն 825.1 հազ., ծախսերի գծով՝ 418 մլն 378 հազ. դրամ: Ըստ 2016թ. պլանավորված բյուջեի՝ եկամուտները կկազմեն 403 մլն 624.4 հազ., ծախսերը՝ 414 մլն 512.1 հազ. դրամ:
Ավելացված գումարների հաշվին բարձրացվել է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մասնավորապես՝ քաղաքում տեղադրվել են նոր լուսատուներ, բարձրացվել են համայնքային ենթակայության հաստատությունների աշխատակիցների նվազագույն աշխատավարձերը, նախադպրոցական հաստատությունների սննդի կալորիականությունը, ենթակա կառույցները համալրվել են նոր տեխնիկական և այլ միջոցներով:
Նշված տարիների ընթացքում համայնքային բյուջեն կատարվել է 96-98.5 տոկոսով:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
2012-2016թթ.. իրականացված աշխատանքների շնորհիվ նկատելի առաջընթաց է ապահովվել հատկապես աղբահանության կազմակերպման, ճանապարհների և բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման, փողոցային լուսավորության ցանցի ընդլայնման առումով:
2012-2016թթ.. քաղաքաշինական ծրագրերն ուղղված են եղել քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կարևորագույն խնդիրների լուծմանը: Պետություն-համայնք համագործակցության արդյունքում քաղաքի Արամ Մանուկյան, Իսրայելյան, Սիսական, Գ.Նժդեհ, Չարենց, Շիրվանզադե և Շիրակ փողոցներում հիմնանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ մոտ 5000քմ ճանապարհ, կահավորվել պահանջվող բոլոր ճանապարհային նշաններով: Հաշմանդամության սայլակներով տեղաշարժվող անձանց համար կառուցվել են համապատասխան անցումային մասեր:
Ասֆալտապատվել են նաև Գայի 10, 14, Որոտան 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 բազմաբնակարան շենքերի բակային հատվածները՝ շուրջ 4200 քմ, վերականգնվել ջրհորդանները: Հիմնովին նորոգվել են Գայի 1, 3, 15, Որոտան 1, 2 և 5 բազմաբնակարան շենքերի տանիքները՝ շուրջ 3800քմ մակերեսով: Մեծածավալ շինաշխատանքներ են կատարվել նոր կառուցվող 800քմ մակերեսով մարզահամալիրում:
Սիսիանի քաղաքապետարանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի համագործակցության արդյունքում վերականգնվել են թիվ 2, 4 նախակրթարանների, Որոտան 2 և 4 բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը:
Աշխատանքներ են իրականացվել քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ուղղությամբ: Քաղաքի 446 լուսատուները փոխարինվել են էներգախնայող լուսատուներով, իսկ 3 փողոցներում՝ Գայի, Սյունիքի և Երիտասարդական, տեղադրվել են 33 նոր լուսատուներ:
Իրականացվել են քաղաքի բազմաբնակարան շենքերի 17 շքամուտքերի նորոգման աշխատանքներ:
Քաղաքում անհատական տների աղբահանությունը կատարվել է շաբաթական 2 անգամ, իսկ բազմաբնակարան շենքերինը՝ 3 անգամ: Քաղաքի բոլոր աղբամանները և դրանց շրջակայքը, ինչպես նաև քաղաքային աղբավայրի տարածքները պարբերաբար ախտահանվել են:
2016թ. նախատեսված է պետական միջոցների հաշվին իրականացնել՝
1. Երաժշտական դպրոցի հիմնանորոգում՝ շուրջ 40 մլն դրամի շրջանակում.
2. Որոտան 3, Գ Նժդեհի 2 և 4 Սիսական 46 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում.
3. Գայի 6, Գայի 4, Խանջյան 3ա, 3բ և Ն. Ադոնցի 1 բազմաբնակարան շենքերի բակային մասերի ասֆալտապատում.
4. Սիսիան-Իշխանասարի խաչմերուկ ճանապարհի և Սպանդարյան փողոցի ասֆալտապատում:
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Սեփականության իրավունքով անհատույց ԵԿՄ անդամ ազատամարտիկներին է նվիրաբերվել Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի հարևանությամբ գտնվող 4 հողակտոր՝ 600-ական քմ մակերեսով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: Բնակարաններ են նվիրաբերվել նաև թվով 7 այն քաղաքացիներին, ովքեր նախկինում չեն կարողացել սեփականաշնորհել իրենց բնակարանները:
Պետական աջակցության ծրագրով համայնքի հողօգտագործողներին հնարավորություն է տրվել մատչելի գներով ձեռք բերել դիզելային վառելիք, պարարտանյութ և սերմացու:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Յուրաքանչյուր տարի կատարվել են քաղաքի կենտրոնական հատվածների ծառերի հատման և էտի, բների կրապատման աշխատանքներ: Հետևողական գործունեություն է իրականացվել քաղաքի տարածքում թափառող շների վնասազերծման ուղղությամբ:
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Սիսիանը հանրապետության այն եզակի քաղաքներից է, որտեղ համայնքային ենթակայությամբ հաջողությամբ շարունակում են գործել գեղարվեստի, երաժշտական, մանկական արվեստի (պարարվեստի), շախմատի և ֆուտբոլի դպրոցները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Համայնքային ենթակայությամբ են գործում նաև քաղաքային գրադարանը, Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնը: Նախադպրոցական ուսումնական հաստատությունները 4-ն են:
2013-16թթ.. շարունակվել են համայնքային ենթակայության կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդման և շենքերի վերանորոգման աշխատանքները:
Վերանորոգվել են N1 և 3 ՆՈՒՀ-երի մեկական խմբասենյակներ: Բոլոր նախակրթարանների խոհանոցներն ապահովվել են նոր կահույքով, բժշկական կաբինետները՝ անհրաժեշտ սարքավորումներով, N 4 ՆՈՒՀ-ը՝ 14 երկհարկանի մահճակալներով:
Թարմացվել է բոլոր կազմակերպությունների համակարգչային տեխնիկան: Կրկնապատկվել է նախադպրոցական հիմնարկների երեխաներին տրվող սննդի չափաբաժինը՝ համապատասխանեցվելով նորմատիվային պահանջներին:
Յուրաքանչյուր տարի նախադպրոցական ուսումնական հաստատություն են հաճախել 430-450 երեխաներ:
Վերապատրաստվել են ՆՈՒՀ-երի բոլոր տնօրենները և մանկավարժ-դաստիարակները: ՀՀ ԿԳ նախարարություն են ներկայացվել 4 ՆՈՒՀ-երի լիցենզավորման փաստաթղթերը: Հիմնովին վերափոխվել է համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեությունը, հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և դաստիարակության որակի բարելավմանը, դրանք համապատասխանեցվել են պետական չափորոշիչներին:
Արտադպրոցական հաստատությունները յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ունենում են 630-650 սաներ:
Համայնքի բյուջեի և միջազգային կառույցների ֆինանսական միջոցների հաշվին մշակույթի կենտրոնի նյութատեխնիկական բազան համալրվել է 4.6 մլն, երաժշտական դպրոցինը՝ 2,6 մլն, գեղարվեստի դպրոցը՝ 2.3, մանկական արվեստի դպրոցը՝ 1.9 մլն դրամի սարքավորումներով, հագուստներով, երաժշտական գործիքներով և կահույքով: Դա նպաստել է քաղաքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում լուրջ առաջընթացին:
Նշված տարիներին քաղաքային մշակույթի կենտրոնում կայացել են 29 համերգներ, 66 կինոցուցադրում, 31 թատերական ներկայացում: Մշակույթի կենտրոնի նորաստեղծ թատերական խումբը քաղաքում և հարակից գյուղերում տվել է 21 թատերական ներկայացում, իսկ ժողգործիքների համույթը՝ 16 համերգ: Ժողգործիքների համույթի մեներգչուհի Անուշ Աղաջանյանը քաղաքապետարանի աջակցությամբ 2013թ. մասնակցել է Բուլղարիայում կայացած «Աշխարհի ֆոլկլոր- 2013» համաշխարհային 3-րդ մրցույթին, արժանացել ոսկե մեդալի:
Յուրաքանչյուր տարի երաժշտական դպրոցի 7-11 սաներ մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոններում արժանացել են դիպլոմների և պատվոգրերի: 2015թ. արդյունքներով՝ հանրապետության երիտասարդ կատարողների մրցույթում հաղթող են ճանաչվել երաժշտական դպրոցի մեկ և գեղարվեստի դպրոցի 4 սաներ:
Երաժշտական դպրոցի սան Սուսաննա Հունանյանը մասնակցել է «Ժողովուրդների բարեկամություն-2016» միջազգային մրցույթ-փառատոնին, «Էստրադային վոկալ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դիպլոմի, «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» արվեստի հանրապետական 7-րդ մրցույթ փառատոնում դարձյալ «Էստրադային վոկալ» անվանակարգում արժանացել է առաջին կարգի դափնեկրի կոչման:
Գեղարվեստի դպրոցի սաներից 16-ը մասնակցել են «Եգիպտոսը՝ երեխաների աչքերով» միջազգային մրցույթին, նրանցից 2-ն արժանացել են արծաթե մեդալի:
2015թ.-ին 15 աշակերտներ մասնակցել են Եղեռնի 100-ամյակին նվիրված համահայկական ցուցահանդեսին, 10-ի աշխատանքները ցուցադրվել են ազգային պատկերասրահում:
8 սան մասնակցել է «Հնդկաստանը՝ երեխաների աչքերով» մրցույթին, 2-ը արժանացել են 2-րդ կարգի պատվոգրի:
Մանկական արվեստի դպրոցի սաները բոլոր տարիներին «Նոր շունչ» բազմաոճ պարային մրցույթ-փառատոնում մանկական միջազգային փառատոններում և «Հայ-Արտ փրոդաքշն»-ի մրցույթներում մշտապես արժանացել են մրցանակային տեղերի և «Գրան պրի» մրցանակի, բազմիցս մեկնել արտասահմանյան ուղևորությունների:
Սիսիանի քաղաքապետարանի հայտով Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցած Սիսիան քաղաքի թիմը 100 քաղաքների հաշվարկով 14-րդն էր. լողափնյա վոլեյբոլի թիմը գրավել է 1-ին, դասական վոլեյբոլի թիմը՝ 3-րդ տեղը: Արվեստի դպրոցի սաները սպորտային պարերի գծով ունեցել են մեկ 2-րդ և մեկ 3-րդ տեղեր:
Քաղաքի ֆուտբոլի թիմը 2013թ.-ին Հայաստանի պատանեկան առաջնությունում գրավել է 2-րդ, 2015թ. ՝ 3-րդ տեղը:
Հաջողություններ են ձեռք բերվել նաև շախմատի մասսայականացման ուղղությամբ: Դպրոցի սաների թիվը ավելացել է 40-ով: Նրանք մշտապես մասնակցություն են ցուցաբերել մարզային և հանրապետական առաջնություններին, գրավել մրցանակային տեղեր, իսկ մարզիչ Վարդան Մովսիսյանը դարձել է մարզի չեմպիոն:
Բոլոր օլիմպիադաներին, մրցույթ-փառատոններին և մարզական խաղերին երեխաների մասնակցությունն ապահովելու համար տրամադրվել են տրանսպորտային միջոցներ և գործուղման ծախսեր, ընդհանուր հաշվով՝ տարեկան 2-3 մլն. դրամի չափով:
Յուրաքանչյուր տարեվերջին կազմակերպվել են հանրապետական, մարզային օլիմպիադաներում, մշակութային փառատոններում և մարզական խաղերում հաղթանակած երեխաների մեծարումներ և պարգևատրումներ:
Լուրջ ուշադրություն է դարձվել համայնքի տարածքում ՀՀ տոների և հիշատակի օրերի, այլ մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը: Մասնավորապես՝ կազմակերպվել է Ն. Ադոնցի 140-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, մեծ շուքով նշվել է Հ. Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, պատշաճորեն կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ոգեշնչման հուշ-երեկո, գեղանկարիչներ Սլավիկ Խաչատրյանի և Վանիկ Զոհրաբյանի անհատական ցուցահանդեսները:
Հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է համահայկական Ծաղկի տոն:
Ամեն տարի կազմակերպվել են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» և «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» մրցումներ, նախադպրոցական հիմնարկների երեխաների մասնակցությամբ՝ սպորտլանդիաներ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում ստեղծվել և կահավորվել է համակարգչային կաբինետ:
Վերջին 4 տարիներին զգալի ձեռբերումներ են արձանագրվել երիտասարդության հետ տարվող աշխատանքներում: 2014թ. Սիսիանը հռչակվել է ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջազգային, հանրապետական և տեղական նշանակության միջոցառումներ, մասնավորապես՝ աշխատանքի տոնավաճառ, ԱՊՀ պետությունների մշակույթի և սպորտի նախարարությունների մակարդակով երիտասարդության հարցերի խորհրդի նիստ, Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագրի ազգային աշխատաժողովներ և այլն: Սիսիանն ունեցավ իր օրհներգը, որի հեղինակն է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Այդ տարում քաղաքում ստեղծվեցին 9 նոր երիտասարդական ՀԿ-ներ և հիմնադրամներ:
Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվել են համայնքային զարգացման 17 ծրագրեր:
Ամեն տարի մեծ շուքով նշվում են Երիտասարդության միջազգային օրը, Հացի տոնը: Վերջին տարիներին ակտիվացել են երիտասարդության փոխադարձ այցերը ինչպես հանրապետության, ԼՂՀ ներսում, այնպես էլ քույր քաղաքների շրջանակում: Յուրաքանչյուր տարի մի խումբ սիսիանցի երիտասարդներ մասնակցել են ԼՂՀ-ում Շուշիի ազատագրման օրվան նվիրված երթ-արշավին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Կանոնակարգվել են սոցիալական աջակցության աշխատանքները: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրում է 1 մլն դրամի չափով դրամական օգնություն, 1 երեխայի օժանդակել է ուսումը շարունակելու Դիլիջանի միջազգային դպրոցում, 1 երեխայի՝ մասնակցելու Հունաստանում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը: Տարեմուտի առթիվ նախադպրոցական հիմնարկների, սոցիալապես անապահով խավի շուրջ 1000 երեխաների, պատերազմի և աշխատանքի վետերաններին տրվել են նվերներ, ամանորյա տոպրակներ:
Բանակի օրվա և Տարեմուտի կապակցությամբ աջակցություն է ցուցաբերվել Սիսիանում տեղակայված գնդին: Վերջինիս հետ համատեղ կազմակերպվել են մշակութային միջոցառումներ:
Յուրաքանչյուր տարի զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների 30-40 երեխաներ ամռան ամիսներին հանգստացել են Հանքավանի ճամբարներում, որոնց տրանսպորտային ծախսերը հոգացել է քաղաքապետարանը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սիսիանի համայնքապետարանը շարունակել է համագործակցությունը միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` էլ ավելի սերտացնելով փոխշահավետ համատեղ գործունեությունը համայնքային խնդիրներ լուծման նպատակով:
«Քաունթերփարթ» միջազգային կազմակերպությունը լուրջ ներդրում ունեցավ համայնքային ծրագրերի իրականացման գործում: Կազմակերպության աջակցությամբ, համայնքային ակտիվ խմբի եւ Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սիսիանում տեղադրվեցին հասարակական տրանսպորտի ութ կանգառներ, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում ստեղծվեց ժամանակակից մարզասարքերով կահավորված մարզասրահ: Համայնքային արտադպրոցական կրթության և մշակութային կառույցները համալրեցին իրենց գույքացանկը նոր սարքավորումներով, երաժշտական գործիքներով, անհրաժեշտ նյութերով և պարագաներով:
Քույր քաղաքների համագործակցությունը նոր երանգ ստացավ մի շարք արդյունավետ ծրագրերի և փոխայցելությունների շնորհիվ: Հունահայ երիտասարդներն այցելեցին Սիսիան՝ ծանոթանալու հայկական մշակույթին և իրենց սիսիանցի հասակակիցների հետ:
Ֆրանսիական «Հայկական մշակույթ և հիշողություն» ասոցիացիայի և Մոնտելիմարի քույր քաղաքների կոմիտեության հետ համագործակցությունը նոր շունչ հաղորդեց Սիսիան-Մոնտելիմար քույր քաղաքների բարեկամությանը: Պաշտոնական փոխայցելությունները դարձան բարեկամական, իսկ երկու քաղաքների երիտասարդները ստեղծեցին ամուր ընկերություն, որն ամրապնդվեց երիտասարդների փոխայցելության շնորհիվ: Մոնտելիմարի բարեկամները բուժսարքավորումներ նվիրաբերեցին Սիսիանի բժշկական կենտրոնին:
Դի-Վի-Վի միջազգային կազմակերպության շնորհիվ Սիսիանում հիմնվեց “Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն” հիմնադրամը, որը գործունեության երեք տարիների ընթացքում ունեցել է շուրջ 400 ուսումնառուներ, ովքեր ստացել են գիտելիքներ և հմտություններ տարբեր մասնագիտություններով:
«Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության աջակցությամբ այս տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից են երկու նախակրթարանների ջեռուցման համակարգի անցկացումը, երիտասարդությանն ուղղված բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր:
Արտերկրում բնակվող մեր համերկրացի բարերարները ևս անմասն չեն համայնքային խնդիրների լուծման գործընթացներից: Համայնքի ղեկավարի միջնորդությամբ Բելգիայում բնակվող Մակար Գրիգորյանի կողմից Սիսիան քաղաքային համայնքին նվիրաբերված 12 տոննա ներկը բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով անվճար տրամադրվեց ինչպես համայնքային, այնպես էլ մարզային կրթական կառույցներին, իսկ բազմաբնակարան շենքերի բնակիչներն իրենց տրամադրված շինանյութերով եւ ներկով սեփական ուժերով վերանորոգեցին շքամուտքերը:
Մակար Գրիգորյանը նաև նյութական օժանդակություն է կազմակերպել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկների ընտանիքներին:
Համագործակցելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ՝ «Մաքուր ջուր և էներգիա» ծրագրի շրջանակում իրականացվեց Սիսիանի N 4 նախադպրոցական ուսումնական հաստատության արտաքին ջերմամեկուսացում: Փոխվել են բոլոր արտաքին դռներն ու պատուհանները: Արդյունքում միայն գազի օգտագործման խնայողությունը նախորդ տարվա համեմատ կազմում է տարեկան 1500խմ կամ ընդհանուր ծախսի 35%-ը, իսկ սենյակների ջերմաստիճանը բարձրացել է +5C0-ով՝ կազմելով 20-21C0:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության արդյունքում Սիսիան համայնքը հանրապետության 6 այլ համայնքների հետ ընդգրկվեց «Արդյունքահեն բյուջետավարում» ծրագրում: Այն միտված է խթանելու առավել թափանցիկ և արդյունավետ կառավարումը և բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը: Սիսիան համայնքը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, թափանցիկ գործունեությամբ հանրապետության առաջատարներից է:
2015թ. տեղի ունեցավ «Եվրոպան կենդանի է գույներով» միջազգային կոնֆերանսը, որտեղ 11 երկրների շարքում` Հայաստանը ներկայացնում էին սիսիանցի 4 երիտասարդները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ: Կոնֆերանսը նպատակ ուներ ներկայացնելու Եվրոպական մշակույթը, ստեղծելու շփումներ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ձեռք բերել գիտելիք, ընկերներ, վստահություն, առաջ գնալու շատ ավելի մեծ ձգտում և ստեղծել հնարավորություններ նորանոր համատեղ ծրագրերի համար:
Բոլորովին վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցին անդամակցելու Սիսիան քաղաքի հայտը դրական եզրակացություն է ստացել: Սիսիանը Հայաստանի առաջին քաղաքներից է, որն անդամակցում է միջազգային այս հայտնի կառույցին: Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ընդգրկվելու կազմակերպության կրթական և մշակութային ծրագրերում:
Այսուհետ Սիսիանի համայնքապետարանում կիրականացվի ՏԻՄ գործունեության թափանցիկության ապահովմանն ուղղված ևս մեկ ծրագիր: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության արդյունքում ստացվել են սարքավորումներ, որոնք ուղիղ հեռարձակման շնորհիվ թույլ կտան հանրությանը հետևել ավագանու նիստերին:
Հաշվետվության տեսագրված տարբերակը դիտեք այստեղ: